Ուկրաինան դեռ Արևմուտքից պաշտպանական զենք է ակնկալում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` ելույթ ունենալով Յալթայում եվրոպական ռազմավարության տասներկուերորդ տարեկան հանդիպմանը. փոխանցում է pressorg24.com-ը:
«Հակամարտության ռազմական լուծում չկա, սակայն չկա նաև հակամարտության լուծում՝ առանց զինվորականների»,-ասել է Յացենյուկը:
Վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինային ուժեղ բանակ է պետք, և այդ պատճառով էլ երկրի իշխանությունը դեռ հույս ունի, որ ԱՄՆ-ը պաշտպանական զենքեր կտրամադրի:
«Մենք չենք խնդրում հարձակողական զենքեր, մենք խնդրում ենք պաշտպանական զենքեր, որպեսզի մեր բանակն ավելի ուժեղ դարձնենք»,- ասել է նա:
Յացենյուկը նաև հայտարարել է, որ Ուկրաինան դաշնայնացման չի գնա:
«Մենք երբեք զիջումների չենք գնա, օրինակ՝ Ուկրաինան դաշնային պետության վերածելու հարցում»,- ասել է Յացենյուկը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը երկրում սահմանադրական բարեփոխումներ կիրականացնի, սակայն դաշնայնացում կամ տարածքների հատուկ կարգավիճակ չի լինի: