Ադրբեջանի իշխանության կողմից ամեն առիթով ադրբեջանցիներին «հանդուրժող» ներկայացնող հասարակության 86 տոկոսը դեմ է, որպեսզի երկրում սիրիացի փախստականներ հայտնվեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը' ելնելով իր իսկ կողմից անցկացված հարցման արդյունքներից:
Ըստ սեպտեմբերի 9-12-ն անցկացված հարցման արդյունքների' հարցման ենթարկված 224 ադրբեջանցիների 86 տոկոսը դեմ է օգնել սիրիացի իրենց հավատակիցներին, եւ, ընդհանրապես, չի ցանկանում, որ նրանք հայտնվեն Ադրբեջանում:
Հարցվածների 66 տոկոսն ասել է, որ «իրենք էլ փախստականներ ունեն», 18 տոկոսի կարծիքով' նրանք կարող են «հետագայում խնդիրներ առաջացնել»: Եւ միայն 14 տոկոսն է հայտնել, որ իրենք «պետք է համերաշխություն ցուցաբերեն մուսուլմանական հանրակցության հետ»:
2015 թվականի առաջին կեսին Հայաստանը մոտ 15 հազար սիրիացի փախստականներ է ընդունել: