Ղրիմում և Դոնբասում ընդհանուր առմամբ օկուպացված է մոտ 44 հազար քառ.կմ ուկրաինական տարածք, ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
«Ղրիմում և Դոնբասում Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքը կազմում է մոտավորապես 44 հազար քառ.կմ»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ Դոնբասում զինված հակամարտության հետևանքով զոհվել է 8.000 մարդ, այդ թվում՝ 6.000 քաղաքացիական անձ:
Նա նաև ընդգծել է, որ Դոնբասի ավելի քան 1,5 մլն բնակիչ ստիպված լքել է իր տունը պատերազմի ընթացքում:
Պորոշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը կանխամտածված իր շուրջը ստեղծում է սառեցված հակամարտությունների գոտի՝ հարևան երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար:
«Ռուսաստանն իսկապես տասնամյակների ընթացքում իր շուրջը միտումնավոր ստեղծել է անկայունության գոտի, որպեսզի պահպանի իր ազդեցությունը հարևան երկրներում: Սա կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Դոնբասի մասին»,- ասել է Պորոշենկոն: