Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է «վերցնել Դոնբասը» Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հայտնել է Forbes-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշել է պարբերականը, հանդիպման մեծ մասը Պուտինը նվիրել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին:
Forbes-ի զրուցակցի խոսքով` այս առաջարկությունը Պորոշենկոն իբր արել է փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ:
«Նա ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք չէ, հայտարարեք դրա անկախացման մասին»,- մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքը:
Սրան ի պատասխան՝ Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը:
Աղբյուրը հավելում է, որ ռուս գործարարների ու Պուտինի փակ հանդիպման ևս մի մասնակից հաստատել է այս տեղեկությունը:
«Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասն ու ֆինանսապես ապահովել այն: Մինչդեռ Պուտինը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Դոնբասը ներառվի ՌԴ կազմում, իսկ ներկայումս այն Ուկրաինայի մի մասն է, ու բոլոր ծախսերը պետք է հոգա ուկրաինական կողմը»,- ասել է աղբյուրը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկատվությունը: