Որպես քաղաքական գործիչ՝ Պյոտր Պորոշենկոյի կենսագրությունը հարուստ չէ: Նա ավելի շատ հայտնի է որպես բիզնեսմեն և «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր: Հետաքրքրական է, որ նա Ուկրաինայի նախագահներից միակն է, որ չի թաքցնում իր բիզնես գործունեությունը, սակայն հավաստիացնում է, որ բիզնեսը քաղաքականությանը չի խանգարի:

 

Թեպետ շատ կարճ ժամանակահատված Պորոշենկոն նաև նախարար է եղել՝ 2009-2010թթ՝ Ուկրաինայի արտաքին գործերի, իսկ 2012թ. 8 ամսով տնտեսության զարգացման և առևտրի նախարարը, այնուամենայնիվ, Պորոշենկոյի գործունեության մասին բովանդակ հոդվածներ և հարցազրույցներ կարելի է գտնել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներում:

 

Նշանավոր Forbes ամսագիրը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Պորոշենկոյի գործունեությանը, նրան համարել որպես ուժեղ բիզնեսմեն, խելացի անձնավորություն և յուրահատուկ կերպար հետխորհրդային Ուկրաինայի բիզնես միջավայրում:

 

«Նա դպրոցում չի արժանացել ոսկե մեդալի վարքի համար ստացած «երեքի» պատճառով: Հետագայում Պորոշենկոն խոստովանել է, որ դասղեկն իրեն չէր սիրում և տեղի-անտեղի նրան հրավիրում են տնօրենի սենյակ»,- գրում է Forbes ամսագիրը՝ հավելելով, որ դա չխանգարեց, որպեսզի Պորոշենկոն ստանա բարձրագույն կրթություն, դառնա Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ, իսկ հետագայում պաշտպանի նաև թեկնածուական թեզ իրավագիտության բնագավառում:

 

Ուկրաինայի 5-րդ նախագահը հաջողակ է նաև ընտանիքում: Նրա ամուսնությունն ամուր է, իսկ ընտանիքը մեծ: Պորոշենկոն երկու որդի և երկու դուստր ունի: Դստրերի կնքահայրը Ուկրաինայի 3-րդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն է: Նրա հետ հարաբերությունները պահպանվում են, սակայն դա չի խանգարել, որ կարճ ժամանակահատված Պորոշենկոն աշխատի նաև 4-րդ նախագահ Յանուկովիչի հետ:

 

«Բարեկամությունը` բարեկամություն, բիզնեսը՝ բիզնես»,- գրում է BBC-ն՝ հավելելով, որ նույն մարտավարությունը Պորոշենկոն կընտրի նաև քաղաքականությունում և կփորրձի դուրս բերել երկիրը պառակտման վիճակից:

 

Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած արտահերթ ընտրություններում Պյոտր Պորոշենկոն ստացավ ընտրողների ձայների 54 տոկոսն ու ընտրվեց նախագահ: