2015թ. հոկտեմբերի 5-ին' ժամը 10–ին, ոստիկանության Կապանի բաժնից Սյունիքի մարզային քննչական վարչությունում գրություն է ստացվել, որ Կապանի Աշոտավան բանավանի հարակից ձորակում հայտնաբերվել է գանգոսկր:

 

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը' Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ն.Աբգարյանի գլխավորությամբ։

 

 

Կապանի Աշոտավան բանավանի հարակից ձորակում հայտնաբերվել է գանգոսկր, հարևանությամբ' տղամարդու տաբատ, որի գրպանում եղել է 500 և 10 ՀՀ դրամ անվանական արժեքով մետաղադրամներ, պրոթեզ' բաղկացած 14 ատամից, բաճկոն, որի գրպանում եղել է 14.02.1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանի անվամբ անձնագիր, 3 հատ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, հեռախոսի լիցքավորիչ, մեկ տուփ ծխախոտ և լապտեր, ինչպես նաև՝ մոխրագույն շապիկի կտորներ:

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

Տեղեկացնենք, որ 1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանն անհետ կորած է համարվում 2015 թվականի փետրվարից։ 2015թ. փետրվարի 5-ին Կապան քաղաքի բնակիչ Բենիամին Մարգարյանը ոստիկանության Կապանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ քեռին' 14.02.1937թ. ծնված Սերյոժա Արամի Ավանեսյանը, 2015թ. փետրվարի 4-ին Երևանից դուրս է եկել՝ Կապան ժամանելու համար, սակայն չի հասել:

 

 

Հաղորդման առթիվ 2015թ. փետրվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

 

 

Պարզվել է, որ Սերյոժա Ավանեսյանը կնոջ' Արշալույս Հովսեփյանի հետ բնակվել է Երևան քաղաքում՝ վերջինիս մեկ սենյականոց տանը, կենսաթոշակառու էր, տառապել է ծերունական փսիխոզով, հաճախակի ունեցել հիշողության կորուստ: Առաջին կնոջից ունեցել է երկու որդի և մեկ դուստր, որոնք բնակվել են Ռուսաստանի Դաշնությունում: 2014թ. աշնանից սկսել է պարբերաբար այցելել Սյունիքում բնակվող հարազատներին:

 

 

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. փետրվարի 4-ին' առավոտյան, Երևանում ստացել է կենսթոշակը և նույն օրը' ժամը 15-16-ի սահմաններում, քաղաքացի Դավթյանի վարած «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհվել է Կապան։ Հասնելով Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղ՝ ցանկացել է իջնել ազգականի տան մոտ, սակայն տան տեղը շփոթելու պատճառով խնդրել է տանել Կապան, և ավտոմեքենայից իջել է Լեռնագործների փողոցի 2-րդ նրբանցքի մոտ:

 

 

Քննություն է տարվում՝ պարզելու Ս.Ավանեսյանի մահվան հանգամանքները։