Մոսկվան չի աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բայց կարևորում է Սիրիայի Արաբական Հանրապետության պետականության պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակ լսում ենք հայտարարություններ, որ Ռուսաստանը չպետք է աջակցի Ասադին, քանի որ հենց նա է Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի պատճառը: Ասադին աջակցելու կապակցությամբ մենք արդեն վաղուց մեկնաբանել ենք, ասել ենք, որ մենք չենք աջակցում Ասադին, մեզ համար կարևոր է Սիրիայի պետականության պահպանումը»,- ասել է նա հոկտեմբերի 14-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Զախարովայի խոսքով՝ «մեզ շարունակ համոզում են, որ եթե Ասադը հեռանա, ահաբեկչական ակտիվությունը կթուլանա, քանի որ ԴԱԻՇ-ը պատերազմում է հենց Ասադի պատճառով»:
«Եթե դա այդպես է, ապա նման տրամաբանությունը ահաբեկիչների պահանջների ուղղակի կատարումն է, այլ կերպ անհնարին է դա հասկանալ»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: