Ռուսական օդուժի և սիրիական բանակի գործողությունների արդյունքում Հալեպ քաղաքի շուրջ 80 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից:
Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՍԴՀԿ հայաստանյան վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: «Մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի ազատագրել ողջ Հալեպը: Հալեպում կան թաղամասեր բարձունքների վրա, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության ներքո: Շատ հաճախ այդ բարձունքներից ռմբակոծվում են հայկական թաղամասերը, ինչի արդյունքում վերջերս նաև երկու զոհ ունեցանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մեսրոպյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ իրեն ահաբեկիչների դեմ պայքարին օգնելու համար: «Ողջունելի է, որ Ռուսաստանն արագ արձագանքեց և հիմա նպատակային հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Մինչ այդ ԱՄՆ-ն և Եվրոպան էլ էին ավիահարվածներ հասցնում, սակայն մենք տեսանք, որ դրանք այնքան էլ արդյունավետ չէին, և ահաբեկիչների դիրքերն ավելի էին ամրապնդվում: Այնպես որ, Ռուսաստանի միջամտությունը շատ կարևոր է»,- ընդգծեց Մեսրոպյանը:
Վազգեն Մեսրոպյանն ընդգծեց, որ ռուսական օդուժի և սիրիական բանակի գործողությունների արդյունքում շատ ահաբեկիչներ փախել են Թուրքիա: «Թուրքիան նրանց գրկաբաց ընդունել է և փախստականների անվան տակ նրանց Եվրոպա ուղարկել: Հիմա շատ ահաբեկիչներ փասխտականների անվան տակ ներխուժել են եվրոպական տարբեր երկրներ»,- հավելեց նա: