Սիրիական բանակը մարտի 18-ին ամբողջությամբ տիրապել է Հալեպի մարզի Հանդարաթ շրջանին՝ այնտեղ ոչնչացնելով վերջին ահաբեկիչներին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրները հաստատում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել Հալեպի մարզի Հայան շրջանում, Նիրաբ օդանավակայանի արևմուտքում, Միլահ ագարակների շրջանում, նաև Թել Մդաֆա և Քաֆր Համրա գյուղերում:

 

 

«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի օդային ուժերը ռմբակոծել են զինյալների դիրքերը Հարյաթան շրջանի, ինչպես նաև Հալեպի և Թուրքիայի միջև գտնվող միջազգային մայրուղու ուղղությամբ: Թեժ բախումների ընթացքում Հալեպի Հանդարաթ շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել: Նաև ռումբեր են արձակվել Քասթիլիոյի ճանապարհին զինյալների ուղղությամբ՝ ոչնչացնելով նրանց տեխնիկան:

 

 

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: