Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Հերբերտ Զալբերտը շեշտում է, որ ինքը դեմ չէր այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն գոյություն ունի կարգ եւ ըստ այդ կարգի է որոշվում այցելությունների վայրերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ԵՄ ներկայացուցիչը նման պատասխան տվեց Երեւանում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողի հարցին, թե ինչու տարածաշրջանային այցելության ժամանակ չի այցելել նաեւ Ստեփանակերտ' տեղում ծանոթանալու իրավիճակին: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին' Զալբերտն ասաց, որ ԼՂՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է հակամարտության կարգավորման հարցն ու սահմանային վերջին դեպքերը:
«Մենք համակարծիք ենք, որ լարվածությունը շատ մեծ է: Պետք է ցուցաբերվի հարգանք, եւ կողմերն ամեն ինչ անեն' խուսափելու համար լարվածությունից»,- ասաց Զալբերտը: ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ չի կարող մատնանշել պատճառը:
«Կախված պատահարներից' կողմերը մեղադրում են միմյանց: Ես կարծում եմ, որ եթե կառույցը չունի ներկայացուցիչ եւ չի տիրապետում իրավիճակին, չի կարող ասել' ով է ճիշտ, ով' սխալ»,- ասաց Զալբերտը' հավելելով, որ սահմանին ԵՄ-ի կողմից մոնիտորինգ անելու գաղափարը լավն է, եւ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ներգրավված լինի այդ բարդ խնդրի կարգավորման գործում: