Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հաննձաժողովի այսօր' փետրվարի 11-ին, կայացած նիստում քննարկվել է երեք հարց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նոյեմբերի 21-ին արտահերթ նիստը տապալելու վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը Էթիկայի հանձնաժողովը մերժել է: Այս դիմումի հետ կապված, Թեւան Պողոսյանի խոսքով, տեղի են ունեցել քննարկումներ, կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն քվեարկության ընթացքում այն մերժվել է: Բանն այն է, որ նոր կանոնակարգով որոշումը կայացված կարելի է համարել, եթե չորս հոգի կողմ լինի, իսկ ձայները միշտ բաժանվում էին 3/2, 2/3 եւ չկարողացան ապահովել չորս ձայն:
Որոշվել է երկու դիմումների վերաբերյալ զեկույցներ ներկայացնել հաջորդ շաբաթ կայանալիք նիստին, որը նախատեսվում է փետրվարի 21-ին: Այդ դիմումներն են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումը՝ Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ինչպես նաեւ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագծի վերաբերյալ: «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումի վերաբերյալ զեկույց կներկայացնի հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը, իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումի վերաբերյալ' Թեւան Պողոսյանը: Մյուս նիստին այս երկու հարցերի վերաբերյալ քննարկումներ կլինեն, հնարավոր է նաեւ Էթիկայի հանձնաժողովը որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել: Խորհրդարանական ՀՅԴ խմբակցությունը արտահերթ նիստի տապալման հարցով դիմել է Էթիկայի հանձնաժողով, իսկ ՀԱԿ-ը դիմել էր Սահմանադրական դատարան: Իսկ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել էր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին' առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը: «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն իր դիմումում անդրադառնում է աղմկահարույց տեսանյութին, «ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգեւորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր եւ շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ եւ ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել եւս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» դիմումը վերաբերում էր դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: