Այսօր Գյումրու քաղաքապետի աշխատասենյակում տեղի է ունեցել Գյումրու ավագանու հերթական նիստը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ անդրադարձել է ավագանու նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանն ու որոշ խորհուրդներ տվել նախ ավագանու անդամներին, ապա նիստի մյուս մասնակիցներին. «Նախորդ ավագանու նիստի ժամանակ ստացվեց այնպես, որ մի քիչ նորմալ բան չստացվեց, եվ այդ ամենը այլ մեկնաբանությունների տեղիք տվեց, բոլոր հյուրերը կամ ովքեր մասնակցում են եւ ունեն դիտորդի կարգավիճակ, որևէ ելույթի խոսքի համար թույլտվություն է պետք, զգուշացնում եմ, որ տեղից որևէ ելույթներ, բացականչություններ չլինեն, դրա համար հարկավոր է ավագանու թույլտվությունը:
Հարգելի ավագանու անդամներ, եթե քննարկում է գնում, որոշում են ընդունելու, մինչև վերջ լսեք, էնպես չլինի' ստեղծենք էթիկայի հանձնաժողով, էլ դրա կարիքը չլինի»,-նշել է Սամվել Բալասանյանը: Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, խոսվել է նաև քաղաքում այս օրերին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին: Ինչպես հայտնի է' ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնց կազմ են ընդգրկվել ավագանու անդամներ, ովքեր պարտավորություն ունեն վերահսկելու Գյումրու ասֆալտապատման աշխատանքները: «Առավոտ էլ եմ դուրս գալիս' նայում, երեկոյան էլ, Դուք էլ հետևողական եղեք, հարգելի խորհրդականներ, Ձեզ էլ խնդրում եմ դուրս գալ փողոց, նայել, առանց վեճերի, ուղղակի ասեք, որ եթե անձրև է, ասֆալտապատել պետք չէ: Գնացեք ուսումնասիրեք, եթե չեն լսի, նոր կասեք մեզ, որպեսզի մյուս տարի այս ժամանակ նույն վիճակը չլինի: Լուրջ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվելու նաև հրապարակում, արագացնում ենք, որպեսզի կարողանանք հասցնենք մշակութային մայրաքաղաքի բացման օրը պատրաստ լինի»,-հայտարարել է Սամվել Բալասանյանը: Այնուհետև ավագանին անցել է այսօրվա օրակարգի հարցերի քննարկմանը:
Հերմինե Մկրտչյան