Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել Երևանի Մոսկվայի տան տնօրենի դիմումը: «Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,-լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը:

Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ դիմումատուն բողոքել է ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի, ով իր հետ հեռախոսազրույցում, ըստ դիմումատուի, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար:

Ն.Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել իր դեմ ուղղված դիմումը, նշելով, որ «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»: Նա վստահեցրեց, որ հարցը հանձնաժողովում քննարկվելու դեպքում պահանջելու է, որպեսզի այդ նիստը լինի դռնբաց:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է նիստն անցկացնել դռնբաց: