ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովը կարող է դադարեցնել իր գործունեությունը և ընդհանրապես լուծարվել: ԱԺ ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ եթե ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկված փոփոխություններն ընդունվեն նաև երկրորդ ընթերցմամբ, ապա իրենք հետ կկանչեն Էթիկայի հանձնաժողովի իրենց ներկայացուցիչներին: Հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանը ևս չէր բացառել, որ կարող է միանալ բոյկոտին:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ԲՀԿ-ում ևս որոշում է կայացվել, որ եթե հաջորդ շաբաթ ՀՀԿ-ական մեծամասնությունը կողմ քվեարկի այս նախագծին, և այն ընդունվի երկրորդ ընթերցմամբ, և առաջարկված փոփոխություններն օրենքի ուժ ստանան, ապա իրենք հետ կկանչեն իրենց ներկայացուցչին:
Եթե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» իսկապես հետ կանչեն իրենց ներկայացուցիչներին, այդ հանձնաժողովում կմնան միայն ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը և ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Իսկ այդ կազմով Էթիկայի հանձնաժողովը չի կարող գոյություն ունենալ, քանի որ այն ստեղծվել է՝ որպես բազմակուսակցական և ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին ընդգրկող մարմին: Նման հանգամանքներում հանձնաժողովը կդադարի գործել և ինքնաբերաբար կլուծարվի, իսկ այն փոփոխությունները, որոնք կընդունվեն ՀՀԿ-ականների առաջարկությամբ, կկորցնեն իրենց իմաստը:
Փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և նույն հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեցին օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում:
Առաջարկվող փոփոխությունները բազմաթիվ են: Բայց դրանց հիմնական առանցքն այն է, որ Էթիկայի հանձնաժողովին իրավասություն է տրվում որոշելու պատգամավորների՝ քվեարկություններից բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Սահմանադրության 67-րդ հոդվածում ասվում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն էլ կարող է լինել մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայությունը:
Գործող օրենքով պատգամավորի բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելու վերաբերյալ որոշում կայացնելու բացառիկ իրավունքն ԱԺ նախագահինն է: Եթե ԱԺ նախագահը պատգամավորի բացակայությունները ճանաչեր անհարգելի, ապա հարցը մտնում էր ԱԺ օրակարգ, և խորհրդարանը քվեարկությամբ կորոշեր՝ զրկե՞լ պատգամավորին իր լիազորություններից, թե՞ ոչ:
Մինչև այժմ ԱԺ որևէ նախագահ չի օգտվել իր այս իրավասությունից, և որևէ պատգամավոր անհարգելի բացակայության պատճառով չի զրկվել իր լիազորություններից: Չնայած կան բազմաթիվ դեպքեր, երբ պատգամավորները ոչ թե քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել, այլ մեկ նստաշրջանի ընթացքում ընդհանրապես ոտք չեն դրել խորհրդարանի տարածք:
Բայց այլ բան է, երբ բացակայության հարգելի լինելու հարցը որոշում է ԱԺ նախագահը, և բոլորովին այլ, երբ դրանով զբաղվում է բազմակուսակցական հանձնաժողովը: Նման դեպքերում շատ հեշտ կլինի թշնամացնել պատգամավորներին կամ խմբակցություններին՝ հանձնաժողովի օրակարգ մտցնելով այս կամ այն կուսակցության պատգամավորի բացակայությունն անհարգելի ճանաչելու հարցը: Հենց այդ պատճառով, երբ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության, խորհրդարանի չորս ոչ իշխանական խմբակցությունները' ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին այդ նախագծին:
Փետրվարի 27-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ այս նախագիծն անցավ միայն ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների կողմ քվեարկության շնորհիվ՝ ստանալով 58 կողմ և 32 դեմ ձայն: Եթե դեմ քվեարկողները չմասնակցեին քվեարկությանը, ապա որոշումը չէր անցնի՝ քվորումի բացակայության պատճառով:
Մարտի 18-21-ի քառօրյայի ժամանակ այս նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով: Հնարավոր է, որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները կարողանան այն անցկացնել նաև այս անգամ: Դրանից հետո մյուս չորս խմբակցությունները կհրաժարվեն մասնակցել Էթիկայի հարցերի հանձնաժողովի աշխատանքներին, և հանձնաժողովը կդադարի գոյություն ունենալ:
Թվում է, թե Դավիթ Հարությունյանի ներկայացրած և խորհրդարանի քվեարկությամբ ընդունված փոփոխությունները կկորցնեն իրենց իմաստը: Բայց հարցն այն է, թե որն է Դավիթ Հարությունյանի իրական նպատակը: Շատ հնարավոր է, որ նա ցանկանում է վերացնել այս հանձնաժողովը, որտեղ իրեն բավական անհարմար էր զգում, քանի որ տարվա կեսն այդ հանձնաժողովի նախագահը ՀԱԿ ներկայացուցիչն է:
Լինելով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ Դավիթ Հարությունյանը չէր կարող օրենքի ուժով վերացնել հանձնաժողովը, քանի որ դա կդիտվեր՝ որպես խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում: Բայց այսպես խորհրդարանական փոքրամասնություններն իրենք են ոչնչացնում հանձնաժողովը: Այս դեպքում ամեն ինչ մաքուր է և կոկիկ: