Գերմանիան առայժմ չի պլանավորում ընդլայնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների գոտում: Այդ մասին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը նշել է ZDF հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Der Spiegel հանդեսը դեկտեմբերի 12-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Գերմանիայի իր պաշտոնակից Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նամակ է ուղարկել ԻՊ-ի դեմ պայքարում ներդրումը մեծացնելու հնարավորության քննարկման խնդրանքով:
«Ես կարծում եմ՝ Գերմանիան կատարում է իր խնդիրը, և մենք ներկա պահին չպետք է խոսենք այդ թեմային վերաբերող նոր հարցերի շուրջ»,- ասել է Մերկելը Պենտագոնից ստացված նամակի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան:
Այսպիսով՝ ինչպես նշում է Reuters գործակալությունը, Մերկելը մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկելու ամերիկացիների խնդրանքը:
Մերձավոր Արևելքում Գերմանիայի առաքելությունը, Բունդեսթագի դեկտեմբերի 4-ի որոշման համաձայն՝ ներառում է «Տոռնադո» վեց հետախուզական ինքնաթիռ, ֆրեգատ, վառելիք լցավորող ինքնաթիռ և 1200 մարդուց բաղկացած զորակազմ:
Գերմանիան չի ծրագրում օդային հարվածներ հասցնել Սիրիայում: