ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

 

Նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի' դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած հանդիպումը: Ինչպես ընդգծել է Քիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների ղեկավարներին տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն տվեց հանդիպելու դեմ առ դեմ եւ հստակեցնելու դիրքորոշումները»: Նրա խոսքով՝ «նախագահներն ընդունեցին, որ իրադրությունը վատացել Է»:

 

Քիրբին նշել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կրճատմանն ուղղված միջոցառումներին: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործընկերների հետ միասին շարունակում է քննարկել բոլոր այդ միջոցները:

 

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է ժողովրդական դիվանագիտության կարեւորությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև, որտեղ մարդիկ սերնդեսերունդ ապրել են կողք կողքի եւ այժմ պետք է վերստին վստահեն միմյանց: