Հայաստանյան հասարակությունը երևի թե ամենաքաղաքականացվածն է աշխարհում, որովհետև օրուգիշեր շուրջբոլորը խոսում են քաղաքականությունից:

 

Հայաստանում նույնիսկ տաքսու վարորդներն ու խանութների վաճառողներն են «քաղաքագետ», և քանի որ քաղաքական իրավիճակն էլ երկրում գոհացուցիչ չէ, ապա որպես կանոն այդ խոսակցությունները լինում են նեգատիվ բնույթի: Եվ այդպես, առավոտից երեկո մարդկանց գլխին «լցվում» է նեգատիվը, և ինձ թվում է՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը կբարեփոխվի, ոտքի կկանգնի, տնտեսական վերելք կապրի, կդառնա բարեկեցիկ երկիր (իսկ դա ի վերջո լինելու է), երկրի բնակչությունն իրեն չի համարի երջանիկ, որովհետև նեգատիվը արմատացած է արդեն մեր կենցաղում, մեր հոգեբանության մեջ: Միևնույն է՝ կլինի մի ստվար զանգված, որը ամեն դեպքում կունենա դժգոհություններ:

 

Սա, իհարկե, այն դեպքում, եթե մենք էլ աստիճանաբար ինքներս չփոխվենք:
Ինչ վերաբերում է նեգատիվիզմին և ամեն ինչի քաղաքականացմանը, այն նկատելի է նույնիսկ տոնական օրերին մարդկանց շնորհավորանքների, շնորհավորական ուղերձների մեջ: Շնորհավորանքները նույնպես քաղաքական բնույթ են կրում, քաղաքական մաղթանքներ, ցանկություններ՝ կրկին նեգատիվի առկայությամբ: Իսկ ու՞ր մնաց տոնը, սովորական մարդկային ուրախությունը, ցանկությունները...

 

Ես շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցների Ամանորը՝ առանց քաղաքական ենթատեքստերի, և բոլորին անխտիր ցանկանում քաջ առողջություն և սովորական մարդկային երջանկություն, որ 2016-ին մի քիչ ավելի շատ ժպտան: Իսկ խնդիրները կլուծենք միասին:

 

Կարեն Վարդանյան