Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան մտադիր է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկման վերաբերյալ քննարկումներ անցկացնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ճապոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

 

«Ես կցանկանայի հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Կիսիդան:

 

Նրա խոսքով' առկա իրավիճակում շատ կարևոր է Չինաստանի դերը, որը մեծ ազդեցություն ունի Փհենյանի վրա: Նախարարը նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան արդեն չորրորդ անգամն է միջուկային փորձարկում անում: «Քանի որ դա վտանգավոր է համաշխարհային հանրության համար, հարկավոր է Հյուսիսային Կորեային ստիպել անցնել կառուցողական քայլերի»,- եզրափակել է Կիսիդան: