ՀՀ առողջապահությունն այսօր հայտարարություն է տարածել, որով հերքել է տեղեկությունն այն մասին, թե Սիսիանում երկու տարեկան տղան H1N1 ախտորոշմամբ միացված է շնչառական ապարատին:

 

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ' կանխարգելիչ և բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը' ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը։

 

Այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում։ Ոմանք, այդ թվում' մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ' թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին' մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության։

 

Նախարարությունը չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին։ Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան։

 

Նման իրավիճակներում անչափ կարևորվում է ողջ հանրության համախմբվածությունն ու զսպվածությունը։ Նախարարությունը նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է տոնական օրերին բարձրացրել բնակչության զգոնությունը և իրականացրել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Միաժամանակ լրագրողներին մշտապես հորդորում ենք թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Ցավոք, մեր ոչ բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցներն են նման կերպ վարվում։

 

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողներին' թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ չստեղծել:

 

Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց' ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»։

 

Նախարարության տարածած հայտարարությամբ հերքվել է կայքերից մեկում հրապարակված տեղեկությունը, թե Սիսիանում 2 տարեկան տղան միացված է շնչառական ապարատին և նրա մոտ ախտորոշվել է H1N1: