Երևի նկատած կլինեք, որ մեր որոշ պետական պաշտոնյաներ, երբեմն խոսելով Հայաստանի տնտեսության լավ կամ վատ կողմերի մասին, շատ հաճախ փորձելով ցույց տալ հայրենի տնտեսության առավելությունները որոշ երկրների տնտեսությունների նկատմամբ, բերում են այն կեղծ փաստարկը, թե, ասենք, ի տարբերություն թշնամական Ադրբեջանի՝ Հայաստանի տնտեսությունը չունի որևէ կախում միայն մեկ տնտեսական ճյուղից (դժվար է պատկերացնել Ադրբեջան՝ առանց նավթի): Բայց եթե մի փոքր անաչառ մոտեցում ցուցաբերենք այս հարցին, պետք է ցավով փաստենք, որ ամեն բան այդքան էլ այդպես չէ. բացի Հայաստան ուղարկվողտրանսֆերտներից, որոնցից մեր տնտեսության կախումն ուղղակի է, մեր երկրի տնտեսության համար պարզապես անփոխարինելի դեր ունի նաև պղնձի հանքաքարը, որը, ինչպես պարզվում է, գրեթենույն դերն է խաղում մեր տնտեսական կյանքում, ինչ Ադրբեջանում՝ նավթը:



Այսինքն՝ եթե Բաքուն կախված է նավթի միջազգային գներից, ապա մենք՝ գունավոր մետաղների:Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ներկայումս աշխարհում բացարձակռեկորդակիր է՝ պղնձի գնից ունեցած իր կախվածությամբ: Աշխարհում թերևս չկա որևէ այլ երկիր, որի արտահանման մոտ 30%-ը լինի գունավոր մետաղների, առաջին հերթին՝ պղնձի հանքաքարը:

 

 

Իրավիճակն առավել պատկերավոր ներկայացնելու համար թույլ տվեք մեջբերել որոշ վիճակագրական տվյալներ, որոնք կփաստեն մեր խոսքերը. անցած տարվա 11 ամսվա ընթացքում, օրինակ, Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 345 միլիոն դոլարի ապրանք: Դրանից մոտ 425 միլիոն դոլարը բաժին է հասնում հանքահումքային արտադրանքին: Այլ կերպ ասած՝ մեր երկրից արտահանված ապրանքների ավելի քան 31%-ը կազմում են հանքահումքային ապրանքները,հիմնականում՝ պղնձի հանքաքարը: Ոմանք կարող են ասել՝ ի՞նչ է եղել որ, նորմալ է, եթե մեր ընդերքը մեզ շնորհել է բարիքներ, որոնցից մենք հաջողությամբ կարող ենք օգտվել, ինչո՞ւ չանել դա: Միանշանակորեն համաձայն կլինեի այդ տեսակետին, եթե չլիներ մի կարևորագույն հանգամանք.Հայաստանը հետզհետե վերածվում է բացառապես պղինձ արտահանող երկրի: Ստացվում է, որ մենք ժամանակակից աշխարհում չենք կարողանում արտադրել այնպիսի մրցունակ արտադրատեսակներ, որոնք թույլ կտային մեզ նվազեցնել մեր տնտեսության կախումն ընդերքից: Չէ՞ որ, բոլորս ենք հասկանում, որ Երկրի ընդերքը ամենևին էլ անսպառ չէ, և վաղ թե ուշ այն կսպառի իրեն՝կանգնեցնելով մեր տնտեսությունը կատարյալ «կրախի» առաջ: Դուք հիմա հավանաբար մտածում եք՝ գույներն ենք խտացնում, խնդրեմ, թո՛ղ մեր փոխարեն բարբառեն թվերը. անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել էր 1 միլիարդ 412 միլիոն դոլար, որից միայն 340 միլիոն դոլարն էր հանքահումքային արտադրանք, կամ ընդհանուրի24%-ը: Սա նշանակում է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հանքաքարի արտահանման մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է՝ 24%-ից հասնելով 31%-ի: Դոլարային արտահայտությամբ՝ հանքաքարերի արտահանումը աճել է 75 միլիոն դոլարով: Հայաստանում անցած տարվա 11 ամսվա ընթացքում արտադրվել է 283 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 2014-ի' 175 հազար տոննայի փոխարեն:



Այս ամենն իբր բավարար չէր, հիմա էլ պարզվում է, որ պղնձի միջազգային գինը, կարծես ի հեճուկս մեզ, շարունակում է սահուն կերպով նվազել, ինչը, առաջին հերթին, պայմանավորված է այդ մետաղի հիմնական սպառողի՝ ՉԺՀ-ի տնտեսական վիճակով: Ամենասարսափելին այն է, սակայն, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին Չինաստանում այս մետաղի պահանջարկը ոչ մի կերպ չի աճելու, ինչն էլ նշանակում է, որ պղնձի գինը շարունակելու անշեղորեն անկում ապրել:



Դե հիմա գնա՛, կառավորությո՛ւն, տնտեսությո՛ւն զարգացրու… Նման փաստի առաջ չկանգնելու համար, ինչպես ասում են, հարկավոր էր նախօրոք մտածել: Իսկ նախօրոք մտածելու փոխարեն մերոնք նախօրոք չգիտես թե ինչով էին զբաղված. այսպիսի իրավիճակի պատճառը տնտեսության համար ապագայի տեսլական չունենալն է: Գործում են անկազմակերպ, խնդիրներին տալիս իրավիճակային լուծումներ, անգամ այնպիսի խնդիրներին, որոնց լուծումը հստակորեն մշակված ստրատեգիա է պահանջում, առանց որի ամեն բան իզուր է, ամեն բան անիմաստ:

 

 

Դավիթ Բաբանով