Անկարայի քաղաքապետ Մելիհ Քյոքչեքը կտրուկ է արձագանքել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի խոսքերին, ով աջակցել է քրդերին պաշտպանող թուրք գիտնականներին: Թուրքիայի մայրաքաղաքի ղեկավարը դիվանագետի հասցեին քննադատությամբ է հանդես եկել և նրան «ԱՄՆ-ի համար սխալ ընտրություն» անվանել: Քյոքչեքը նաև կոչ է արել Բասին հեռանալ երկրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

«ԱՄՆ-ի ոստիկանությունը կրակում է մարդկանց վրա միայն այն պատճառով, որ նրանք ձեռքերը վեր չեն բարձրացնում: Իսկ մեզ դու խորհուրդ ես տալիս հանդուրժել զինված ահաբեկիչների հարձակումները մեր ոստիկանության և զինվորների վրա: Հարգելի դեսպան, ոչ, մենք չենք հանդուրժի դա: Դու սխալ ընտրություն ես ԱՄՆ-ի համար, վերադառձիր քո երկիր, և թող գա մեկ այլ դեսպան, ով գիտի մեզ: Երբ մենք ցանկանում ենք բարձրացնել ամերիկաթուրքական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա, դու փորձում ես թուրք ժողովրդին թշնամի դարձնել ԱՄՆ-ի համար: Սովորիր լռել և չփորձես փչացնել մեր հարաբերությունները», - ասել է Անկարայի քաղաքապետը:

 

Ավելի վաղ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել՝ թուրք գիտնականների ձերբակալման կապակցությամբ, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի բռնության դեմ: