Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Արամ Համբարյանի՝ բռնաբարության մեջ կասկածվելու մեղադրանքն ամբողջությամբ հերքվել է, ավելին, նրան տվյալ արարքում մեղադրող ուսանողուհին՝ Մարինե Վ.-ն, ինքն է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության հոդվածով: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փետրվարի 8-ին Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում, արագացված դատական կարգով քննվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ուսանողուհի Մարինե Վ.-ի գործը, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրեսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշենենք, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մարինե Վ.-ից Լոռիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ինստիտուտի դասախոս Արամ Համբարյանն իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ' վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ: Ստացված հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով): NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դեռ այն ժամանակ բռնաբարության մեջ մեղադրվող դասախոսը հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները, նշելով, որ ինքը Մարինե Վ.-ի հետ գտնվել է ամուսնական կապի մեջ (շուրջ երկու շաբաթ), այնուհետեւ բացահայտել էր նրա վիրտուալ սիրային կապն այլ տղամարդկանց հետ ու հեռացրել տնից:

Հարուցված քրեական գործով սակայն Մարինե Վ.-ի մեղադրանքները չեն ապացուցվել եւ դասախոսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այնուհետեւ արդեն նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Մարինե Վ.-ին մեղադրանք առաջադրել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որ նա վրեժխնդիր լինելու շարժառիթով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն:

Դատարանը վճռել է Մարինե Վ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Մարինե Վ-ն դատախազությանը տված հաղորդման մեջ նշել էր, որ նախորդ տարվա հուլիսի վերջին, Վանաձոր քաղաքի Բուսաբանական այգուն հարակից անտառում, հուլիսի 31-ին «Լոռի» հանգստան տան սենյակներից մեկում, իր նախկին դասախոս Արամ Համբարյանը բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: