Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հակահայկական զեկույցից մեկի մերժումը արդեն մեծ հաղթանակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' սա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի գնահատականն է: «Այն, որ հաջողվեց հակահայկական զեկույցներից մեկն օրակարգից հանել, դա արդեն կարելի է համարել մեծ հաղթանակ: Դուք գիտեք, ինչպիսին է իրավիճակը ԵԽԽՎ-ում: ԵԽԽՎ-ն հատուկ գիծ է բռնել, որով անտեսում է բոլոր սկզբունքները, այդ թվում' ԵԱՀԿ մոտեցումները»,-ասաց Սորոկինը 2016-ին Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելուն նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը չցանկացավ որևէ մեկնաբանություն հնչեցնել նշյալ զեկույցի վերաբերյալ' ասելով, որ դա խորհրդարանականների խնդիրն է: Նա միայն նշեց, որ ԵԱՀԿ Միսկի խումբն' իր երեք համանախագահներով, մնում է միակ ձևաչափը, որի շրջանակներում կարող է քննարկվել այս տարածաշրջանի հակամարտությունը: «Սա այն ձևաչափն է, որի նախաձեռնություններին ենք մենք աջակցելու»,-ասաց Մաթիաս Քիսլերը:

 

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ է քեվարկել 66, դեմ 70 պատգամավոր:

 

 

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ է քվեարկել 98, դեմ' 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ: