Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը թուրքական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է տարվում:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

 

«1845 քաղաքացի մեղադրվում են նախագահին վիրավորելու մեջ: Չեմ կարծում, որ մենք կարող ենք ընթերցել այդ վիրավորանքներն առանց կարմրելու: Ոչ ոք վիրավորելու ազատություն չպետք է ունենա», -ասել է նա:

 

 

Թուրքական օրենսդրությամբ երկրի նախագահին վիրավորելու համար նախատեսվում է դրամական տուգանք կամ 1-4 տարի ազատազրկում: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է այն բանում, որ նրանք այդ հոդվածն օգտագործում են Էրդողանի կողմից տարվող քաղաքականության հետ չհամաձայնվողների դեմ բռնաճնշումների համար: