Թուրքական haberdar.com կայքի սյունակագիր Ահմեթ Ալթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել է մաֆիայի հայտնի կնքահայրերից Ալ Կապոնեին' համեմատություններ անցկացնելով Կապոնեի եւ Էրդողանի գործողությունների եւ հետագա ճակատագրերի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք սյունակագիրը, թվարկելով Ալ Կապոնեի գլխավոր հանցագործությունները, մաքսանենգ եւ կոռուպցիոն գործողությունները, հիշեցնում է, որ նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, ինչից հետո միայն Չիկագոն փրկվել էր նրանից:

 

«Այսօր Թուրքիան շատ նման է Ալ Կապոնեի Չիկագոյին: Այստեղ էլ օրենք չկա: Այստեղ հանցագործները չեն պատժվում, այստեղ էլ պետական չինովնիկները չեն կատարում օրենքի պահանջը, այստեղ ել են մարդիկ վախենում...Էրդողանը բացահայտորեն խախտել է սահմանադրությունը, վերահսկում է դատարանները, դատապարտում է կառավարությանը քննադատող թերթերի խմբագիրներին' մեղադրելով նրանց ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեջ, իսկ պետական պաշտոնյաներ սպանած «Իսլամանակ պետություն» ահաբեկչական անդամ իրական ահաբեկիչներին դատապարտում է միայն կանխամտածված սպանության մեղադրանքով», -գրում է նա:

 

Ալթանը Էրդողանից ազատվելու միակ միջոցը համարում է նրա կեղծ դիպլոմի մասին լրջորեն հետազոտությունը:

 

Նա Էրդողանի բոլոր ընդդիմախոսներին եւ երկրի ընդդիմությանը խորհուրդ է տալիս մասնագիտական խումբ ստեղծել, մանրակրկիտ հետազոտություն անցկացնել Էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ, քանի որ եթե պարզվի, որ այն կեղծ է, ապա թուրքական օրենսդրության համաձայն' Էրդողանը չի կարող պաշտոնավարել որպես նախագահ:

 

Ահմեթ Ալթանը գտնում է, որ իր նշած ճանապարհով Թուրքիան կարող է փրկվել Էրդողանից, ինչպես Չիկագոն փրկվեց Ալ Կապոնեից:

 

Ավելի վաղ, երբ Էրդողանը դեռեւս զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը facebook-ի իր էջում մի նկար էր տեղադրել, որտեղ համեմատել էր Էրդողանի եւ «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի' Գոլումի դեմքի արտահայտությունները:

 

Թուրքական diken.com.tr լրատվական կայքը հիշեցրել է, որ Էրդողանի շրջապատը դեռ այն ժամանակ «երկրի ղեկավարին վիրավորելու» հիմնավորմամբ դատի էր տվել Չեթինին, եւ դատարանը դատապարտվել էր 1 տարի 3 ամսվա բանտարկության: Հետագայում նրա պատիժն իջեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով:

 

Թուրքիայում Էրդողանին Գոլումի հետ համեմատել էր մի այլ քաղաքացի եւս' բժիշկ Բիլգին Չիֆչին, որի գործով հերթական դատական նիստը պետք է տեղի ունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին հայտարարել է, որ ինքը պետք է արդարացվի, քանի որ դատարանը պետք է հաշվի առնի ոչ թե Գոլումի ինչպիսի կերպար լինելը, այլ Թուրքիայի քաղաքացու խոսքի ազատության իրավունքը: