Ստամբուլի Գեզի այգու հետ կապված իրադարձությունների ժամանակ սոցցանցերում զանգվածներին «հանցագործության դրդելու», ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար Իզմիրում դատական հայց է ներկայացվել եւս 29 քաղաքացիների դեմ:

 

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախապես բերման էր ենթարկվել 39 քաղաքացի, սակայն, 7 ամիս տեւած հետաքննության արդյունքում որոշվել է դատական գործ բացել նրանցից 29-ի նկտամամբ, որի վերաբերյալ առաջին դատական նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 24-ին: Մեղադրող կողմը յուրաքանչյուրի համար 3 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է պահանջում:

 

Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարող Գեզի այգու համար բնապահպանական պահանջներով անցյալ տարվա մայիսի վերջին սկսված բողոքի ակցիաները վերաճվել էին ամբողջ Թուրքիայով մեկ հակակառավարական ցույցերի:

 

Թուրքական մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այն մասին, որ Էրդողանը դատի է տվել այս կամ այն քաղաքացուն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար եւ շահել դատը: Նշվում է, որ վարչապետի անձը վիրավորողների պատիժները արտահայտվում են կամ նրանց ազատազրկման ենթարկելով, կամ էլ դրամական տուգանքների տեսքով: Դեպքեր են եղել նաեւ, որ ոմանք հեռացվել են աշխատանքից, արտաքսվել հայրենի քաղաքից, կամ նույնիկս երկրից:

 

2003թ.-ից մինչ այժմ վարչապետության տարիներին իրեն վիրավորելու համար Էրդողանը դատական կարգով արդեն հարյուրավոր անձանցից հարյուր հազարավոր լիրա բարոյական վնասի փոխահատուցում է ստացել: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ իր անձնական հարստության զգալի մասը Էրդողանը կուտակել է իրեն վիրավորածներից ստացած փոխհատուցումների հաշվին: