Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ, ընդհանուր առմամբ, թունավորման միջոցով 20 մահափորձ է կատարվել: Այս մասին Յալովա քաղաքում «Երեկվա եւ այսօրվա քաղաքականությունը» թեմայով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից անցկացված համաժողովում հայտարարել է գրող եւ լրագրող Աբդուռահման Դիլիփաքը:

 

Ելույթում նա խոսել է Էրդողանի դեմ մինչ այժմ իրականացված անհաջող մահափորձերի մասին: Նրա խոսքով' Թուրքիայի վարչապետի նկատմամբ մինչ այժմ ընդհանուր առմամբ 20-ից ավելի մահափորձ է կատարվել:

 

«Էրդողանին թունավորել են մեքենայում, ինչի հետեւանքով նա չի կարողացել դուրս գալ: Վերջին պահին նրան հաջողվել է ծանր առարկա գտնել, կոտրել ավտոմեքենայի ապակին եւ մի կերպ փրկվել: Նրան փորձել են թունավորել նաեւ կալանավայրում»,- ասել է թուրք լրագրողը:

 

Դիլիփաքի խոսքով' Էրդողանի նկատմամբ մահափորձ է կատարվել նաեւ հիվանդանոցում: «Դա ծրագրված էր: Վարչապետը վիրահատութունից հետո պետք է կենդանի դուրս չգար այնտեղից: Դրա համար անմիջապես պետք է ձերբակալվեր Ազգային հետախուզական ծառայության փոխնախագահը: Այս մահափորձը եւս նախորդների պես արդյունք չի ունեցել»,- ասել է նա: