ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են 2010 թվականից ի վեր խոշորագույն Key Resolve և Foal Eagle համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հարավային Կորեայում ամերիկյան զորակազմի հրամանատարությանը (USFK), դրանց մասնակցում են ավելի քան 300 հազար հարավկորեացի և 17 հազար ամերիկացի զինծառայողներ:
Key Resolve հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն մարտի 7-ից մինչև 18-ը, իսկ Foal Eagle զորավարժությունները՝ մարտի 7-ից մինչև ապրիլի 30-ը: Դրանց կմասնակցեն ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, բանակը և հատուկ նշանակության ուժերը:
Ամերիկյան հրամանատարությունը հյուսիսկորեական կողմին ծանուցել է զորավարժությունների սկսվելու և դրանց պաշտպանողական բնույթի մասին:
Մինչդեռ ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեն զորավարժությունների սկսվելու կապակցությամբ հայտարարել է, որ սադրանքների դեպքում Կորեայի ժողովրդական բանակը «հարված կհասցնի ԱՄՆ-ի մայրցամաքային մասին և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, կիրականացնի Հարավային Կորեայի ազատագրման գործողություն»: ԿԺԴՀ-ի ժողովուրդն ու բանակը բաց չեն թողնի «հայրենիքի վերամիավորման համար սրբազան պատերազմ ծավալելու» հնարավորությունը, ընդգծել է Պաշտպանության պետական կոմիտեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: