armnoc.am Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում:
Կազանում ընթացող Գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդներ:
Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձավ Գավաթի խաղարկության հաղթող:
Նախօրեին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):
ՀԱՕԿ լրատվության բաժին