Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պլանավորում է ամերիկյան այցի ժամանակ հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ես հանդիպումներ եմ ունենալու շատ առաջնորդների հետ: Օբամայի հետ հանդիպում պլանավորված է, իմ օգնականներն աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես որ մենք հանդիպեցինք Անթալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ես ԱՄՆ մեկնում եմ կոնկրետ միջոցառման, ուր լինելու են երկկողմ հանդիպումներ: Օբամայի հետ մենք նույնպես հանդիպելու ենք, սակայն թե որքան կտևի այդ հանդիպումը, կախված է հանգամանքներից»,- ասել է Էրդողանը Վաշինգտոն մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում:

 

Էրդողանի ամերիկյան այցը տևելու է մինչև ապրիլի 2-ը: Սրանից առաջ ամերիկյան մամուլը հայտնել էր, թե Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ երկկողմ հանդիպում ունենալուց: