ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսային բանակցություններ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է՝ ՌԴ պաշտպանության նախարարություն ստացված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գրանցվել է ղարաբաղյան հակամարտության սրում: Գերատեսչության տվյալներով՝ այդ տարածաշրջանը ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է:
«Ապրիլի 2-ին ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ հակամարության գոտում կայունություն հաստատելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։