Այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին եւ ամփոփել 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին ՕԵԿ-ի մասնակցության հետ կապված աշխատանքները:
ՕԵԿ գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրել է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ բոլոր մարզերի ՕԵԿ անդամների եւ ընտրողների հետ եւ ներկայացրել կուսակցության դիրքորոշումները:
Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել հանրապետության ողջ տարածքում ստեղծված ՕԵԿ շտաբների աշխատանքը, եւ նշել, որ կատարված աշխատանքը համոզմունք է տալիս առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում:
Արթուր Բաղդասարյանը հորդորել է ներկաներին կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ անդամների միջոցով առաջիկա օրերին եւս ակտիվորեն մասնակցել ՀՀ «Ընտրական օրենսգրքով» սահմանված ընտրական գործընթացներին' նպաստելով փետրվարի 18-ին արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելուն եւ անցկացնելուն:
Նիստում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի այլ շրջանակի: