Օրինաց երկիր կուսակցության պատգամավորներից մեկը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը անձամբ է մասնակցելու Սերժ Սարգսյանի քարոզչությանը, լինելու է բոլոր մարզերում եւ կոչ է անելու, որ մարդիկ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին:
Արթուր Բաղդասարյանը 2008 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը: Դժվար է պատկերացնել որեւէ քիչ թե շատ լուրջ պետություն, որտեղ ազգային անվտանգության քարտուղարը կարող է անձնական ներգրավվածություն ունենալ նախագահի ընտրության քարոզչությանը եւ այսպես ասած որպես քարոզիչ աշխատել թեկնածուներից մեկի, անգամ իշխանական թեկնածուի համար:
Եթե խոսքը վերաբերեր ստվերային դերակատարությանը, ապա այստեղ ինչ որ առումով կարող էր լինել տրամաբանություն, քանի որ ԱԽ քարտուղարները կարող են լինել այսպես ասած «գորշ կարդինալի» տրամաբանության մեջ եւ բնականաբար նախընտրական գործընթացներում նրանք կունենան ստվերային որոշակի դերակատարություն հօգուտ իշխանության թեկնածուի, կամ որեւէ այլ թեկնածուի, որ պետք է համակարգին:
Սակայն, Արթուր Բաղդասարյանը ոչ թե «գորշ կարդինալի», այլ «կարդինալի շինելի» տրամաբանության մեջ է եւ փաստացի զբաղեցնելով պետության անվտանգության համար լուրջ պաշտոն, ծառայելու է ընդամենը որպես Սերժ Սարգսյանի քարոզիչ:
Այն, որ ԱԽ քարտուղարը նախագահի ընտրությանը ստանձնում է այդպիսի լրջագույն առաքելություն, վկայում է, թե անվտանգության խնդիրը ինչպիսի մակարդակի վրա է: Եվ երբ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հավաքելով պետական ամբողջ ապարատը հայտարարում է, որ Հայաստանի համար առաջնայինն անվտանգության խնդիրն է, որը պետք է լրջորեն սպասարկել, նա ամենայն հավանականությամբ նկատի ունի իր անձնական անվտանգությունը:
Որովհետեւ եթե Հայաստանի ԱԽ քարտուղարը դառնում է նախընտրական քարոզիչ, դա վկայում է Հայաստանի անվտանգության սպասարկման ոչ թե լուրջ, այլ ծայրահեղ անլուրջ մակարդակի դրսեւորում:
Սերժ Սարգսյանն ինքն առաջին հերթին պետք է Արթուր Բաղդասարյանին հանձնարարեր լինել տեղում եւ սովորականից ավելի ինտենսիվ աշխատել, նկատի ունենալով նախընտրական գործընթացը:
Բայց մյուս կողմից պարզ է դառնում նաեւ, որ Սերժ Սարգսյանի համար Արթուր Բաղդասարյանը ԱԽ ընդամենը ֆիկտիվ քարտուղար է, որը զբաղվում է կոնյակագործությամբ, իսկ դրանից ազատ ժամանակ էլ Սերժ Սարգսյանի քարոզչությամբ: Ու այդ ֆիկցիային ծառայեցվում է անվտանգության խորհրդի քարտուղարի կարեւորագույն պաշտոնը:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Արթուր Բաղդասարյանին նախագահի ընտրությունից հետո, երբ 2013-ին լրանա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, կարող են նշանակել գլխավոր դատախազ:
Այդ առումով, Արթուր Բաղդասարյանն իհարկե կլինի Աղվան Հովսեփյանի արժանի փոխարինողը, քանի որ ԱԽ քարտուղարի պաշտոնում նա անկասկած հասցրեց ձեռք բերել արժեքավոր բիզնես-հմտություններ: