ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինքը գրեթե նույնքան ձայն է հավաքել, որքան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո բաց ասել, որ իրենք կայունության կողմնակից են և միացել են իշխանությանը: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը մեր լրագրողի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանի այդ դիտարկումը մեկնաբանել է այսպես. «Միշտ էլ դավաճանները նման արդարացումներ գտնում են, հո չեն ասելու, որ իրենք դավաճաններ են: Արթուր Բաղդասարյանն ամենայն հավանականությամբ նորից հանրության աջակցության կարիքն ունի, երևի ինչ-որ ակնկալիք ունի էս ընտրություններից, հերթական ծառայությունը մատուցելու առումով, էդ պատճառով ստախոսության է դիմում, որովհետև էդ ժամանակ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից շատ ձայն չի հավաքել, և էդ հնարավորությունը չուներ, եթե ունենար, միգուցե ուրիշ ձևով իր ձայները կվաճառեր»,- նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ժողովուրդն այլևս Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, և հերթական անգամ նրան չի հաջողվի ընտրազանգվածի վստահությունը շահելով ինչ-որ հարցեր լուծել, ինչպես դա եղավ 2008 թվականին: Ու քանի որ, ըստ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ն իր «խոսքի տերն է», և, ինչպես խոստացել են, առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀԱԿ անդամը նշեց. «Ինքը երևի իր կարգավիճակը նորից շտկելու անհրաժեշտություն ունի, և էդ պատճառով սուտ, իրականությունից հեռու հիմնավորում է տալիս: Էդ ո՞ր խոսքն է կատարել որ ինքը: Այո՛, հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ անձնավորություն է, հասարակությունը դա լավ գիտի, և դրա պատասխանը ԱԺ ընտրություններում հավաքած ձայներն են»:
Ու քանի որ, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է, քանի որ այս տարի կդառնա 45 և ոչ թե 68 տարեկան, ՀԱԿ անդամը նշեց. «45 տարեկանում էլ ինքն այլևս ոչ մեկին պետք չի, թող դուրս գա փողոց, կասեն իրեն՝ ինքը պե՞տք է, թե՞ չէ: Սերժ Սարգսյանին էր պետք մի անգամ, հիմա չգիտեմ ինչքանով, կարող է վաղը մյուս օրը պարզվի, որ նրան էլ պետք չի, այսինքն էդ տարիքում ինքը վերջացած մարդ է, սա իր քաղաքական գործունեության տրամաբանությունն է»,- հավելել է Վահագն Խաչատրյանը:
Հերմինե Մկրտչյան