«2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում»,- «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի այս տեսակետը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղին Բիշարյանը իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին չի վերագրում:
«Դա մեր հետ կապ չունի, որեւէ բան մեկնաբանելու կարիք չկա»,- Aravot.am-ին ասաց տիկին Բիշարյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ 2008-ի նախագահական ընտրություններում կայի՞ն առաջադրված թեկնածուներ, որոնք ընտրություններից հետո, ինչպես պարոն Հարությունյանն է նկատում, ՀՀԿ-ի վարձու տարածքներում հայտնվեցին. «Ճիշտն ասած, նրանից հարցրեք, քանի որ ինքն է խոսել, իրենից էլ հարցրեք»:
Տիկին Բիշարյանը կրկին խորհուրդ տվեց Արամ Հարությունյանից հարցնել, երբ նրանից փորձեցինք ճշտել՝ ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցության գնացած եւ պաշտոններ ստացած գործիչներին կարելի՞ է ՀՀԿ-ի տարածքում վարձու բնակվող համարել. «Ես չեմ կարող կարծիքի մասին կարծիք հայտնել: Ի՞նչ պարտադիր է, որ նրա ասածի մասին կարծիք հայտնենք, առավել եւս, որ շարքային մարդ է»:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններում ամենից շատ իշխանություններին քննադատող ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ընտրություններից հետո, ՀՀ նախագահի որոշմամբ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ