Լեռնային Ղարաբաղի իրադրությունը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Անտարակույս, իրադրությունը դեռևս շատ հեռու է կայուն լինելուց,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:- Ուստի պարզապես անկարելի է սահմանափակվել ձեռք բերվածով, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»:

 

Պեսկովի գնահատմամբ՝ ամբողջությամբ վերցված իրադրության մասին կարելի է ասել, որ «տեղի է ունեցել հետընթաց»: «Նախքան այդ թեժ բախումների վերսկսվելը կային շատ լավ մշակումներ, շատ դրական քայլեր էին արվել կարգավորման ուղղությամբ, այժմ, ցավոք, տեղի է ունեցել հետընթաց, այժմ շատ բաներում հարկ կլինի լրացնել բաց թողնվածը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

«Անտարակույս, այս անգամ էլ ամենատարբեր մակարդակներով շատ օպերատիվ ու մեծ աշխատանք կատարվեց կրակը դադարեցնելու համար,- նշել է նա:- Ռուսաստանի այդ ջանքերն արդեն նշվել են գործընթացի մասնակիցների կողմից: Մոսկվան, իհարկե, կշարունակի հետևողական գիծը»:

 

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է և հակամարտության հենց սկզբից բավական մեծ ջանքեր է գործադրել ու գործադրում է խաղաղ կարգավորման պայմաններ ապահովելու համար: «Ռուսաստանը լավ, գործընկերային հարաբերություններ է պահպանում և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, ինչպես նաև այդ հարաբերություններն օգտագործում է հիշատակված պայմաններ ստեղծելու համար՝ աշխատելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- հավելել է Պեսկովը: