Սիրիայի Իդլիբի նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով ոչնչացվել է բելգիացի զինյալ, «Ալ Քաիդայի» ընկերակից խմբավորման՝ «Ջեբհաթ ան Նուսրայի» ազդեցիկ անդամներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին այս մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

 

«Բրյուսելցի թխամորթը, որը հայտնի է Աբու Սուլեյման ալ Բելգիկի կեղծանվամբ (իսկական անունն անհայտ է), սպանվել է ապրիլի 5-ին Իդլիբի նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով, ինչը հավաստել են Բելգիայի ոստիկանության աղբյուրները»,- նշել է հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի օդուժը հազվադեպ է հարվածներ հասցնում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը, որին Վաշինգտոնը երկար ժամանակ համարում էր չափավոր ընդդիմության մաս: Սակայն ալ Բելգիկին եղել է «ան Նուսրայի» մաս կազմող «Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ, որն ահաբեկչական գործողություններ է կազմակերպել արևմտյան պետություններում:

 

Ալ Բելգիկիի հետ մեկտեղ սպանվել է նրա մերձավոր ընկերը՝ ևս մեկ ֆրանսախոս բելգիացի, ծագումով Ռուանդայից Անդի Բիզալա Լուբանզան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: