Այսօր Կիպրոսի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Կիպրացիները պետք է ընտրություն կատարեն առաջադրված 11 նախագահի թեկնածուների միջև: Նոր նախագահին վիճակված է հանդես գալ հանրապետության փրկչի դերով: Հանրապետությունը խորը ճգնաժամի մեջ է՝ դեֆոլտի եզրին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կիպրոսի նախագահը, համաձայն Սահմանադրության, նաև կառավարության ղեկավարն է: Նախագահական ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ: Հիմնական պայքարը ծավալվել է 3 թեկնածուների միջև: Գլխավոր ֆավորիտը աջ ուժերի թեկնածուն է՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական հավաք» կուսակցության նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Վերջին սոցհարցումների համաձայն՝ նրա օգտին է պատրաստվում քվեարկել ընտրողների 40 տոկոսը:
Նա խոստանում է ընտրվելու դեպքում կատարել ԵՄ բոլոր պահանջները՝ երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար:
Ընտրողների 24.2 տոկոսը պատրաստ է ձայնը տալ ձախ ուժերի անկախ թեկնածու Ստավրոս Մալասին: 2011-2012թթ. նա զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը:
Ֆավորիտների եռյակը եզրափակում է անկախ թեկնածու Յորգոս Լիլիկասը, որի օգտին պատրաստվում է քվեարկել կիպրացիների 20.2 տոկոսը: Նրան աջակցում է «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ներկայիս նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը հրաժարվել է վերընտրվել: Նա հանրապետության պատմության միակ նախագահն է, որը իր թեկնածությունը չի առաջադրել երկրորդ ժամկետում:
Հաղթանակի համար թեկնածուները պետք է հավաքեն քվեների 50 տոկոսը, այլապես փետրվարի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլ: