Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է մի երիտասարդ տղամարդ, ով հիվանդանոց էր բերվել Զուգդիդի քաղաքից՝ «խոզի գրիպ» ախտորոշմամբ, հայտնում է rus.ruvr.ru-ն՝ վկայակոչելով Интерфакс-ին։
«Սա թվով 5-րդ մահվան ելքով դեպքն է, այսպես կոչված, խոզի գրիպի H1N1 վիրուսից»,- հայտնել է Վրաստանի հասարակական առողջապահության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի նախագահ Պաատա Իմնաձեն։
Նրա խոսքով, Վրաստանում գրիպի սեզոնի սկզբից մինչ այժմ գրանցվել են բժիշկներին դիմելու տասնյակ հազարավոր դեպքեր, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ հիմնականում հաղթահարել են այդ հիվանդությունը։ «Դրանցից 143 դեպքում լաբորատոր կերպով հաստատվել է գրիպի H1N1 վիրուսը»,- նշել է նա։
Կենտրոնի գիտական խորհրդի ղեկավարը խորհուրդ է տալիս բնակչությանը խուսափել մարդկանց կուտակման վայրերից և առաջին իսկ ախտանիշների դեպքում անմիջապես դիմել բժշկի։