armnoc.am Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղից Հայաստանի հավաքականը Երևան վերադաձավ 4 ուղեգրով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայ բռնցքամարտիկներն ամփոփեցին իրենց մասնակցությունը վարկանիշային մրցաշարում:

Արթուր Հովհաննիսյան

«Ստացվեց այնպես, որ մեր հաղթանակների սկիզբը ես դրեցի: Աննկարագրելի հաճույք էր: Չեմ կարող կիսվել, բառերով նկարագրել այն, ինչ զգում եմ այս պահին: Պետք է ամեն ինչ անենք, որ Օլիմպիական խաղերին ամենաքիչը կրկնենք այս արդյունքը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ անձնական մարզիչ Մանվել Գաբրիելյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Նրանց և մեր միահամուռ ջանքերի շնորհիվ հասանք այս ամենին»:

Նարեկ Աբգարյան

«Գնալուց առաջ ասել էի, որ գնում ենք հաղթանակի և մեր նպատակն իրականացնելու համար: Ինձ հաջողվեց խոստումս կատարել: Ընդհանուր թիմը շատ լավ էր պատրաստվել և մեզ հաջողվեց ուղեգրեր նվաճել: Շատ ուրախ եմ: Այնպես, ինպես վարկաիշային մրցաշարին գնալուց առաջ խոստացա, հիմա էլ խոստանում եմ, որ Ռիո գնալու եմ ոչ թե մասնակցելու, այլ արդյունք գրանցելու համար»:

Արամ Ավագյան

«Կյանքումս առաջին անգամ մրցումների ժամանակ զգացել եմ, որ մեր հավաքականը բոլորից մի քանի գլուխ բարձր է և ուժեղ: Մենք կարող էինք նաև հինգերորդ ուղեգիրը նվաճել, եթե Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակչի մենամարտը արդար դատեին: Իմ գիտակից տարիքից սկսած, երբ հասկացել եմ, թե ինչ է բռնցքամարտն ինձ համար՝ երազանքս եղել է մասնակցել Օլիմպիական խաղերին: Ես հասել եմ իմ երազանքին»:

Վլադիմիր Մարգարյան

«Երկար ու բարդ ճանապարհ անցանք՝ ուղեգրերին հասնելու համար: Ուրախությունս անսահման է, չգիտեմ՝ բառերով ինչպես ձեզ փոխանցեմ: Ամենաբարդ մենամարտը մեկնարկայինն էր, երբ մրցում էի բուլղարացի մարզիկի հետ: Սկիզբը միշտ շատ բարդ է, իսկ հաղթանակից հետո վստահությունն ավելանում է: Ապրիլյան ցավալի դեպքերը մեզ լրացուցիչ ուժ տվեցին, բայց ինչ-որ տեղ նաև լարվածություն կար: Աստծո կամոք՝ ամեն ինչ լավ ավարտվեց: Այժմ մի փոքր կհանգստանանք և բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի Օլիմպիական խաղերին լավագույնս ներկայանանք»:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժին