Ասում է՝ մարդը վարչապետ է եղել, եթե մի բան ասում է, ուրեմն մի բան գիտի, մանավանդ որ Հրանտ Բագրատյանը լուրջ մարդ է: Այսինքն՝ եթե, ըստ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ Բագրատյանը նախկին վարչապետ է և նաև լուրջ մարդ, ուրեմն մենք պարտավոր ենք անվերապահորեն հավատալ նրա ասածներին, հավատալ, որ Հայաստանը միջուկային զենք ունի...

 

Նախ, ես չեմ կարծում, թե լուրջ ու կշռադատված մարդը կարող է իրեն թույլ տալ նման անլուրջ հայտարարություն անել, որին փաստորեն միակ մարդը, ով հավատաց, Արմեն Ռուստամյանն էր: Նորմալ է, իհարկե, որ հավատաց, քանի որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հավատալու ինչին որ կցանկանա, սակայն մի տեսակ անլուրջ է, որ ևս մի քաղաքական գործիչ ոչ միայն հավատում է, այլ նաև բարձրաձայն հաստատում է մեկ այլ գործչի անլուրջ հայտարարությունը:

 

Ես կռահում եմ և նույնիսկ հասկանում եմ, թե ինչ նպատակով է Հրանտ Բագրատյանը հայտարարել Հայաստանի՝ իբրև թե միջուկային զենք արտադրելու մասին. նախկին վարչապետն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է վախեցնել մեր թշնամիներին, և դա միգուցե ինչ-որ չափով ստացվել է նրա մոտ, քանի որ ադրբեջանական մամուլն անդրադարձել է այդ հայտարարությանը: Հասկանում եմ նաև, որ Արմեն Ռուստամյանն էլ միգուցե իր կողմից է ցանկացել էլ ավելի վախեցնել մեր թշնամիներին, գնահատում եմ նրանց հայրենասիրությունը, բայց մի՞թե արժե այս աստիճանի անլրջանալ հանուն հայրենասիրության, մի՞թե հայրենասիրության դրսևորումների ավելի լուրջ տարբերակներ չկան:

Կարեն Վարդանյան