ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ անցկացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլ առ փուլ:

 

«Փոխզիջումը միշտ էլ հնարավոր է: Եթե նման հնարավորություն չլիներ, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այլևս չէին զբաղվի այս հարցով։ Մեր նպատակն է գործն ավարտին հասցնելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել ու հակամարտությունը լիարժեք կարգավորել: Հաշվի առնելով կողմերի միջև ստեղծված բավական լարված իրավիճակը՝ մենք ստիպված կլինենք անել դա փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցման հավանականությունն արդեն կա: Դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակներում՝ արժանանալով մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հավանությանը»,- մանրամասնել է Լավրովը:

 

Այնուհետև ռուսական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցելու է հակամարտող կողմերի միջև փոխզիջման որոնմանը: