Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը եղել է բավական հաջող և, որովհետև մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ. «Ապրիլի սկզբին գրանցված էսկալացիայից հետո հրադադար ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ու նրա պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անգամ հանդես չեկավ հայտարարությամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը շատ թույլ էր»:

 

Բրայզայի խոսքով՝ հանդիպումը կհանգեցնի հակամարտության բազմակողմ կարգավորման իրական քննարկումների՝ Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա, սակայն կպահանջվի ժամանակ, և հնարավոր է՝ նախագահների ևս մեկ հանդիպում:

 

«Վիեննայի հանդիպումից հետո պետք չէ ակնկալել հակամարտության կարգավորման մեջ կտրուկ բեկում: Սակայն հանդիպումը կհանգեցնի դրական բազում փոփոխությունների, և որ գլխավորն է, այն նշանավորվեց ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Բրայզան: