Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում: Ընդհանուր համայցից հետո' բավարար առողջական վիճակով մայիսի 24-ին տուժածներից մեկը դուրս է գրվել բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքից: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Իսկ վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել է զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք' տեղաշարժով, առկա են գլխի բազմակի սալջարդ վերքեր, մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Վերակենդանացման բաժանմունքում վթարից տուժած 3 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով:

 

Առավոտյան կայացած բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշում է կայացվել տուժած քաղաքացիներից մեկին ևս վիրահատել (աջ վերին վերջույթը): Հիվանդի մոտ ախտորոշվել է աջից ճաճանչոսկրի ս/3 փակ կոտրվածք' ծղիկոսկրի գլխիկի հոդախախտով: Առկա են նաև աջ սրունքի մ/3 մակերեսի և դեմքի սալջարդ վերքեր: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Վնասվածքաբանական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ շարունակում են բուժվել մյուս 2 վիրավորը: Նրանց առողջական վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության: