Եվրամիության բնակիչների շուրջ 54 տոկոսը դեմ Է արտահայտվել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այդ են վկայում այն հարցման արդյունքները, որն անցկացվել Է Գերմանիայում հաստատված Բերթելսմանի հիմնադրամի կողմից:
Ինչպես նշում Է BBC-ն` 11 հազար հարցվածների միայն 21 տոկոսն է կարծում, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է նաեւ, որ Brexit-ը քիչ կազդեր իրենց երկրի տնտեսական իրադրության վրա:
Բերթելսմանի հիմնադրամը 28 երկրներից վեցում նաեւ հարցրել է, թե քաղաքացիները կցանկանային արդյոք ԵՄ-ից իրենց պետության դուրս գալը: Այդ երկրների լրիվ ցուցակը հիմնադրամը չի նշում: Դրա հետ մեկտեղ հայտնի Է, որ բոլոր դեպքերում ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու կողմնակիցների թիվը փոքր-ինչ ավելի Է եղել, քան հակառակորդներինը: Մասնավորապես, ֆրանսիացի հարցվածների 48 տոկոսն արտահայտվել Է միությունից դուրս գալու օգտին այն դեպքում, երբ 52 տոկոսը նախընտրել Է մնալ:
Բուն Մեծ Բրիտանիայում հասարակական կարծիքի վերջին տվյալների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների թիվը ներկայում մոտավորապես հավասար Է: Sunday Times/YouGov-ի հարցումը ցույց Է տվել, որ դրա մասնակիցների 44 տոկոսը կցանկանար մնալ ԵՄ-ում, իսկ 43 տոկոսը՝ դուրս գալ դաշինքից: Արդյունքները հրապարակվել են հունիսի 19-ին, բայց պատասխաններն ստացվել են անցած շաբաթվա կեսերին՝ նախքան բրիտանական խորհրդարանի անդամ Ջո Քոքսի սպանությունը, որն Էականորեն ազդեց երկրում տիրող տրամադրությունների վրա:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: