«Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ-ի նախագահ Պողոս Օղլուկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց, որ պետք է պարտադիր լիցենզավորում ունենան նաև հայաստանյան շուկա մտնելու փորձ կատարող «Yandex» տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունը, ինչպես դա անում են տեղական բոլոր տաքսիները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` նա պատահական չի համարում «Yandex»-ի մուտքը մեր երկիր և վստահ է, որ պատկան մարմիններն իրենց շահն ունեն: Եթե թույլ են տալիս մտնել Հայաստան, ուրեմն դրա դիմաց կաշառք են վերցնում, մեր երկրում առանց դրա ոչինչ չի կատարվում»,- ասաց Օղլուկյանը:

 

Նշենք, որ «Yandex» տաքսի ընկերությունը թույլ կտա բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել:

 

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգան Հովհաննիսյանն էլ հավելեց, որ սա ռուսական տաքսի ծառայություն է, որը բերում են դաշտը մոնոպոլիզացնելու համար. ««Yandex»-ը բոլորին դաշտից դուրս է հանում' անգամ մյուս օնլայն տաքսիներին: «Yandex»-ը «ՋԻ-Ջի» տաքսի ծառայությունը վերացնելու համար է, ուզել է առնի, չի տվել, մենք էլ արանքում տուժում ենք»,- ասաց նա:

 

Նշենք, որ տաքսու վարորդները պատրաստվում են ակցիա իրականացնել Հռոմի Պապի մեր երկիր այցելության ավարտից հետո: Նրանք կպատռեն լիցենզիաները՝ հետ պահանջելով դրանց համար վերջին 10 ամսվա գումարը։