ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ անդրադարձել է Հայաստանում օրեր առաջ կայացած նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը։
Ստորև ներկայացնում ենք Նուլանդի պատասխանն ամբողջությամբ.
«Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է 58,64% արդյունքով։
Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, որը վկայում է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են լավ կազմակերպված և աչքի են ընկել հիմնարար ազատությունների սկզբունքներին իրենց համապատասխանությամբ։
Զանգվածային լրատվության միջոցներն իրականացրել են իրենց օրինական պարտականությունը՝ հավասարակշռված լուսաբանում ապահովելով ընտրապայքարի բոլոր մասնակիցների համար։
Թեև ընդհանուր առմամբ ընտրությունների օրը հանգիստ և խաղաղ է անցել, այնուամենայնիվ, ընտրական գործընթացին եղել է անպատեհ միջամտություն, այդ թվում նաև գործող նախագահի վստահված անձանց կողմից։ Բացի այդ, ԺՀՄԻԳ-ն արձանագրել է մի քանի լուրջ խախտումներ, որոնք անպայման պետք է հետաքննվեն»։