Առաջիկա նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Հայաստանում է: ԵԱՀԿ գրասենյակի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեսպան Թալիավինին եւ առաքելության հիմնական կազմը վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով, որով կազդարարվի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության բացումը: Հիմնական կազմը ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 11 երկրների 13 մասնագետներ ու վերլուծաբաններ: Իսկ երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն առաջիկա երկուշաբթի' հունվարի 14-ին:
Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պաշտոնական էջի, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները վերահսկելու են ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ։ Երկարաժամկետ դիտորդները մինչեւ փետրվարի 25-ը աշխատելու են Հայաստանի ողջ տարածքում: Իսկ կարճաժամկետները կժամանեն փետրվարի 15-ին, կվերահսկեն ընտրական ողջ գործընթացը ընտրատեղամասերի բացումից մինչեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմումը, եւ առաքելությունը կավարտեն փետրվարի 21-ին: Իսկ հիմնական կազմը մինչեւ փետրվարի 28-ը կմնա Հայաստանում:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է գնահատի Հայաստանում նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին եւ տեղական օրենսդրությանը», - նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պաշտոնական էջում:
ԺՀՄԻԳ-ը ընդգծում է, որ դիտորդների ուշադրության կենտրոնում են լինելու նախընտրական քարոզչությանը, ընտրական հանձնաժողովների եւ պետական պատկան կառույցների աշխատանքը, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտն ու ընտրական վեճերի հանգուցալուծման գործընթացը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում է գտնվելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ միջազգային այլ դիտորդական կազմակերպությունից առայժմ դիտորդական առաքելության համար հավատարմագրման դիմումներ չեն ստացվել:
Ինչ վերաբերում է տեղական կազմակերպություններին՝ այս պահին տեղական միայն մեկ կազմակերպություն է հավատարմագրված. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 63 դիտորդներով: