Ռուսաստանում սկսվել են հինգերորդ սերնդի «Սարմատ» (РС-28) նորագույն միջմայրցամաքային բազմանպատակային բալիստիկ հրթիռի ամառային փորձարկման մասշտաբային նախապատրաստությունները: Այդ ծանր կարգի հրթիռը, ինչպես սպասվում է, 2018 թվականին պետք է ընդունվի Ռուսաստանի սպառազինության կազմում: Լիարժեք փորձարկման համար հարկ է այն արձակել Հավայան կղզիների շրջան:

 

Ինչպես պատմել են մասնագետները, նորագույն հրթիռն ունակ է ապահովելու Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության ներկա և հեռանկարային (մոտ ապագայում ստեղծվելիք) բոլոր համակարգերի հաղթահարումը: Այլ կերպ ասած, այդ հրթիռին, նրա մարտագլխիկին խփել, չեզոքացնել հնարավոր չի լինելու: «Սարմատը» երկաստիճան է, շարժիչներն աշխատում են հատուկ բաղադրությամբ հեղուկ վառելանյութով: Հրթիռն արձակվելու է արձակման հորերից:

 


Ենթադրվում է, որ նորագույն հրթիռը թիրախին կարողանալու է հասնել թռչելով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային բևեռի վրայով: «Սարմատի» թռիչքի հեռավորությունը գերազանցելու է 11 000 կիլոմետրը, իսկ մարտագլխիկի քաշը հասնում է մի քանի տասնյակ տոննայի: Փորձագետները կարծում են, որ ռուսական պաշտպանությունը տեխնոլոգիական տվյալ խնդիրն ամբողջությամբ ի վիճակի է լուծել:

 

Հրթիռի առավելագույն հեռավորության լիարժեք փորձարկումներ կատարելու հնարավորությունը ներկայումս հանդիսանում է ամենից խնդրահարույց հարցը: Ի դեպ, գոյություն ունի չպլանավորված տարբեր իրավիճակների առաջացման ռիսկ, ընդ որում, մինչև հրթիռի թռիչքի վերջին փուլը, եթե հրթիռը չի ստուգվում իրական պայմաններում:

 

Հայտնի է, որ «Սամարտը» նախատեսված ժամանակին փոխարինելու է բարոյապես արդեն մաշված չորրորդ սերնդի РС-20В («Воевод», NATO-ի դասակարգմամբ կամ անվանմամբ' «Сатана») հրթիռային համալիրին: Այս տիպի հրթիռները հանդիսանում են ամենահզորը բոլոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարքում: Իր տեխնոլոգիական մակարդակով նորագույն հրթիռային համալիրը չունի իր նմանակը կամ համարժեքը արտասահմանյան հրթիռային համալիրների շարքում: Այն, ինչպես և «Воевод»-ը, նախատեսված է հակառակորդի թիրախները մարտական կիրառման ցանկացած, այդ թվում նաև' տեղակայման շրջանի միջուկային բազմակի ազդեցության պայմաններում խոցելու համար: Նորագույն հրթիռային համալիրի կիրառությունը նշանակում է երաշխավորված պատասխան հարվածի ռազմավարության իրականացում աշխարհում աննախադեպ մակարդակով: «Սարմատը» «Воевод»-ից տարբերվում է հատկապես հակահրթիռային պաշտպանությունից իր պաշտպանության բազմաթիվ միջոցներով: «Սարմատն» ունի հիպերձայնային արագության հասնող գերճշգրիտ ու մանևրող մարտագլխիկ: