Նիսում ահաբեկչությունից հետո Մերձծովյան Ալպեր շրջանում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնովին:

 

«Մենք որոշել ենք բարձրացնել Vigipirate հակաահաբեկչական պլանի մակարդակը մինչև «սպառնալիքը՝ ահաբեկչություն» մակարդակի»,- հայտնել է նախարարը' նշելով, որ Նիսում, անվտանգության նկատառումներով և ի նշան զոհերի և նրանց հարազատների հանդեպ հարգանքի, հետաձգվել են բոլոր նախատեսված զանգվածային միջոցառումները:

 

Նախարարը նշել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ' անվտանգությունն ապահովելու համար, սակայն ընդունել են երկրում ահաբեկչությունների սպառնալիքի ծայրահեղ բարձր մակարդակը:

 

«Մենք գտնվում ենք ահաբեկիչների հետ պատերազմական վիճակում, նրանք ցանկանում են ցանկացած գնով մեզ վնաս հասցնել»,- ասել է Կազնովը:

 

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Նիսում ահաբեկչության զոհ է դարձել 80 մարդ, 18 տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: